
Սուրեն Պապիկյանի խորհրդականի որդին կալանավորվել է․ նա կասկածվում է սպանության մեջ
Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցների գործով 3 մարդ կալանավորվել է և տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի Ռուստամ Ստեփանյանի տան հարակից կամրջի տակ։ Կալանավորվածներից մեկը Կոտայքի մարզի բնակիչ Արտաշես Տոնոյանն է, որի հայրն էլ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն է՝ կոչումով գեներալ։
Գործը կապված է 24-ամյա Մամիկոն Դ.-ի մահվան հետ։ Նա գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում և օգոստոսի 15-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Պռոշյանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։
Ոստիկանությունն ու իրավապահ մարմինները շարունակում են գործի նախաքննությունը՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատասխանատվության ենթարկել բոլոր մասնակցիներին։