
«Հայփոստի» մարզային բաժանմունքի ղեկավարը մեղադրվում է շուրջ 17 մլն դրամի հափշտակության մեջ
«Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ։ Նախաքննությամբ պարզվել է, որ նա, իր ենթակա աշխատակցի օժանդակությամբ, 2025 թվականի ապրիլի 1-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական լիազորությունները չարաշահելով գումարներ է փոխանցել իր և ծանոթների հաշիվներին։ Այդ ընթացքում ղեկավարը յուրացրել է մոտ 16,5 միլիոն դրամ, դրամարկղից կանխիկացրել է նաև 8․660 ռուսական ռուբլի և յուրացրել իրեն վստահված շուրջ 110․670 դրամի ապրանքներ ու նամականիշներ։
Հափշտակված գումարներն ու արժեքները նա օգտագործել է անձնական կարիքների համար, այդ թվում՝ խաղադրույքներ կատարելու նպատակով բուքմեյքերական ընկերություններում։ Ընդհանուր հաշվարկով «Հայփոստին» հասցվել է շուրջ 17 միլիոն դրամի գույքային վնաս։
Նախաքննության ընթացքում հափշտակված ամբողջ գումարը վերադարձվել է, և պատճառված վնասը վերականգնվել է ամբողջությամբ։ Փոստային բաժանմունքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, իսկ նրան օժանդակած աշխատակցին՝ հափշտակությանը մասնակցելու համար։ Գործն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։