
Նոր մանրամասներ են հայտնի Պռոշյանի սպանությունից
ՀՀ ներքին գործերի նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հրազենի գործադրմամբ խուլիգանության և սպանության գործով։
Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում Պռոշյանի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ․-ն ծեծի է ենթարկել 56-ամյա տղամարդու։ Դրանից հետո՝ օգոստոսի 14-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան տանող կամրջի տակ վիճող կողմերը կրկին հանդիպել են՝ յուրաքանչյուրն իր շրջապատի անձանց ուղեկցությամբ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ մասնակիցներից մեկը կրակել է հրազենից։ Արդյունքում Մամիկոն Դ․-ն հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հաջորդ օրը մահացել է։
ՆԳՆ-ի տվյալներով՝ կրակոցները արձակել է 27-ամյա մի երիտասարդ։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և օգոստոսի 18-ին նա ձերբակալվել ու կալանավորվել է։ Ըստ լուրերի՝ երիտասարդը ծեծկռտուքի ժամանակ գլխի վնասվածք էր ստացել և տեղափոխվել մեկ այլ հիվանդանոց։
Գործի շրջանակում ձերբակալվել և կալանավորվել են նաև այլ անձինք։ Այդ անձանց թվում է Կոտայքի մարզի բնակիչ Արտաշես Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Տոնոյանի որդին։ Նա տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Քննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։