
Ինչու՞ է «Ամառային դպրոցի» մասնակիցը հեռացվել ծրագրից․ Ազգային ժողովի պարզաբանումը
Ազգային ժողովը պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ։
Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության՝ համացանցում տարածված գրառումների և մեկնաբանությունների ֆոնին անհրաժեշտ է ընդգծել, որ ծրագրի չորրորդ փուլի մասնակիցներից մեկը հեռացվել է ոչ թե իր քննադատության, այլ այն պատճառով, որ համացանցում հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Պարզաբանման մեջ նշվում է, որ մասնակիցը կեղծ գրառմամբ փորձել է վարկաբեկել ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրը։
ԱԺ-ից հայտնում են, որ մասնակցի ծնողը հրավիրվել է խորհրդարան՝ քննարկելու երեխայի դիտարկումները ծրագրի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում պարզվել է, որ տվյալ մասնակիցն արդեն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն և չի համապատասխանում ծրագրի պահանջին, որը նախատեսում է, որ մասնակիցները պետք է լինեն ավագ դպրոցի աշակերտներ։ Սա ևս, ըստ ԱԺ-ի, հիմք է հանդիսացել նրան ծրագրից հեռացնելու համար։
Հիմք ընդունելով այդ տեղեկությունը և կատարված հրապարակումները՝ մասնակիցը հեռացվել է «Ամառային դպրոցից»: Այս որոշման վերաբերյալ ցանկացած այլ մեկնաբանություն կամ տարածված հայտարարություն չեն համապատասխանում իրականությանը, – ասվում է Ազգային ժողովի պարզաբանման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ծրագրի մասնակից Դավիթ Ղազարյանը իր «Ֆեյսբուք»-յան էջում գրել էր, որ իրեն «Ամառային դպրոցից» հեռացրել են հենց սոցիալական ցանցում կատարած գրառման պատճառով, որտեղ նա պատմում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթի մասին։
Մասնակցի խոսքով՝ Կոնջորյանը, ունենալով բանախոսության նյութ, շեղվել է թեմայից, թիրախավորել է ընդդիմությանը և սկսել է մանիպուլացնել մասնակիցներին։