ԱրցախՊատահար

Արցախի պետնախարարի վարորդներին ու բեռնատարները քաղաքացիական հագուստով անձինք տարել են ՊԵԿ

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ահազանգում է՝ իր երեք վարորդները առավոտյան քաղաքացիական հագուստով անձանց կողմից տարվել են անհայտ ուղղությամբ։

Իսկանդարյանի խոսքով՝ տղամարդիկ կանգնեցվել են Երևանի փողոցներից մեկում, հենց այն տարածքում, որտեղ կայանված են եղել նրա բեռնատարները։ Անհայտ անձինք նստեցրել են նրանց մեքենա և հեռացել` առանց որևէ իրավական կարգավիճակ ներկայացնելու կամ հիմնավորելու գործողությունները։

Նա դեպքը կապում է վերջին օրերին տեղի ունեցած հանրահավաքների հետ՝ նշելով, որ դրանք ուղեկցվում են ճնշման և ահաբեկման գործողություններով։

Իսկանդարյանի պատմելով՝ Արցախում զբաղվել է շինարարությամբ, իսկ Երևան տեղափոխվելուց հետո փորձել է շարունակել գործը, սակայն չի մասնակցել որևէ տենդերի և պետական ֆինանսավորում չի ստացել։ Նա վարկ է վերցրել բեռնատարներ գնելու նպատակով: Դրանք ներկայումս վարձով տրված են այլ ընկերության։ Բայց հենց այդ ընկերության տարածքում էլ, նրա խոսքով, քաղաքացիական հագուստով անձինք կանգնեցրել ու հեռացրել են վարորդներին։