ՀայաստանՊատահար

Ենոքավանում տղամարդը ընկել է ռոլլեր լայնից․ նոր մանրամասներ են հայտնի

Օգոստոսի 24-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Սկզբնական տեղեկություններով՝ տղամարդը ընկել էր զիփլայնից, սակայն «Yell Extreme Park»-ը պարզաբանել է, որ նա ընկել է ռոլլեր լայնից, որը գետնից բարձր է 3-4 մետր։

Ընկերության հաղորդմամբ՝ դեպքից անմիջապես հետո իրենց աշխատակիցները եղել են տուժածի կողքին, շտապօգնություն է կանչվել, և տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Անհրաժեշտ բուժզննումներից հետո նա տեղափոխվել է Երևան։

«Yell Extreme Park»-ում հայտարարվել է ներքին հետաքննություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար։ Դեպքից հետո դադարեցվել են ռոլլեր լայնով թռիչքները։ Բացի այդ՝ Yell Extreme Park-ի պաշտոնական կայքէջից անհետացել է նաև ռոլլեր լայնի բաժինը։

Ընկերությունից ընդգծում են, որ ռոլլեր լայնը անցել է անհրաժեշտ փորձաքննությունը և գրանցված է ՆԳՆ Փրկարար ծառայության վտանգավոր օբյեկտների ռեեստրում։ Բոլոր աշխատակիցները, ըստ աղբյուրի, անցել են հրահանգավորում և վերապատրաստում։