
Բյուրականում ուսուցչական կոլեկտիվը բողոքի ակցիա է սկսել տնօրենի ազատման որոշման դեմ
Օգոստոսի 26-ին Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի դպրոցում ուսուցչական կոլեկտիվը գործադուլ է հայտարարել՝ ընդդեմ մարզպետի կայացրած որոշման, որով դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից: Ակցիայի մասնակիցները հավաքվել են դպրոցում՝ պահանջելով, որ մարզպետը չեղյալ հայտարարի իրենց նախկին տնօրենի ազատման որոշումը:
Ուսուցիչների խոսքով՝ Մկրտչյանը 7 տարի ղեկավարել է դպրոցը և մեծ հարգանք է վայելել թե՛ աշխատակիցների, թե՛ ծնողների ու աշակերտների շրջանում: Նախորդ տարվա իրադարձությունների ընթացքում կոլեկտիվը բողոքի ակցիաներ էր իրականացրել և դատարան էր դիմել, որը երկու անգամ որոշում էր կայացրել տնօրենի օգտին: Այդ որոշումից հետո տնօրենը միայն 3 օր է աշխատել իր պաշտոնում, ապա կրկին ազատվել է աշխատանքից, և նշանակվել է այլ տնօրեն, որը նույնպես դպրոցի աշխատակից է:
Կոլեկտիվը նշում է, որ իրենց նպատակը որևէ անձի դեմ լինելը չէ, այլ օրենքի գերակայության ապահովումը ու արդարության պաշտպանությունը: Նրանք ընդգծում են, որ եթե պահանջը չկատարվի, գործադուլն ու դասադուլը կշարունակվեն, և ամբողջ գյուղը ակտիվ մասնակցություն կունենա։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ սեպտեմբերի 1-ին դպրոցում հնարավոր է դասադուլ կազմակերպվի, եթե նրանց պահանջները մնան անարձագանք: