
Լոռու մարզում փորձել են հափշտակել շուրջ 393 միլիոն դրամ
Լոռու մարզում գրանցվել է աղմկահարույց դեպք․ բանկերից մեկից փորձ է արվել հափշտակել 392 մլն 912 հազար դրամին համարժեք 80 մլն ռուբլի։
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ Վ․Մ․-ն հուլիսի 15-ին մտել է բանկի սպասարկման սրահ և հափշտակել ինկասացման ենթակա գումարով պարկը։ Նա վազելով փորձել է հասնել մոտակայքում կայանված ավտոմեքենային, սակայն տեղում գտնվող երկու անձ նրան հետապնդել ու բռնել են։
Փախուստի դիմելու փորձի ժամանակ Վ․Մ․-ն նույնիսկ արցունքաբեր գազ է օգտագործել, սակայն չկարողանալով դիմակայել դիմադրությանը՝ թողել է գումարով պարկը և հեռացել։
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ավազակության փորձի մեղադրանքով։ Որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք։
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է դատախազին։