ԱշխարհՊատահար

Իսլանդիայում հրաբուխ է ժայթքել

2024 թվականի ընթացքում արդեն 7-րդ անգամ ժայթքել է Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու հրաբուխը։ «Blue Lagoon» (Կապույտ ծովածոց) երկրաջերմային առողջարանային համալիրում գտնվող հյուրերը տարհանվել են։ Սակայն չվերթները երկրի ներսում չեն չեղարկվել։

Հրաբխի մոտ գտնվող Գրինդավիկ քաղաքի մոտ 3800 բնակիչները ավելի վաղ էին լքել իրենց տները՝ հրաբխի անընդհատ ժայթքումների պատճառով։

Իսլանդիայի տարածքում կա մոտ 30 ակտիվ հրաբուխ։ Դրա հիմնական պատճառն այն է, որ երկիրը գտնվում է երկու հսկայական եվրասիական և հյուսիսամերիկյան երկրաբանական սալերի միացման վայրում: Այս սալերը դանդաղ հեռանում են միմյանցից, և դրա արդյունքում երկրակեղևում ճեղքեր են առաջանում: Այդ ճեղքերից մագման (հալված քարերը) բարձրանում է երկրի մակերևույթ՝ առաջացնելով հրաբուխներ: