
Հայաստանում տղաներին բանակից ազատելու համար ծնողները հոգեկան առողջության կենտրոնի հոգեբույժին կաշառք են տվել
Սևանի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբույժը մի շարք բնակիչներից կաշառք է ստացել՝ նրանց որդիներին բանակից ազատելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեի նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլից հունիս ամիսներին բժիշկը պահանջել և ստացել է շուրջ 1 մլն 50 հազար դրամ և 5100 ԱՄՆ դոլար։
Կաշառքի դիմաց հոգեբուժը տրամադրել է այնպիսի փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տվել զինվորական ծառայությունից ազատվելու՝ հիմք ընդունելով օրենքով նախատեսված հոգեկան առողջության խնդիրները։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ բժիշկը քաղաքացիներից գումար է ստացել՝ կենտրոնից հաշվառումից հանվելու, առողջ լինելու մասին տեղեկանք ստանալու, հաշմանդամության կարգ ձևակերպելու և ամբուլատոր քարտերում կեղծ գրառումներ անելու համար։
Հոգեբույժի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և մասնավոր ոլորտում կաշառք ստանալու հոդվածներով։ Նրա համար կիրառվել են բացակայելու արգելք, գրավ և պաշտոնավարման կասեցում։ Գործը այժմ դատարանում է հաստատման և քննության համար։