
Էկոպարեկը կաշառք է ստացել՝ ապօրինի ծառահատումները չկանխելու համար
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Տավուշի մարզի Իջևան և Արծվաբերդ տեղամասերի ավագ էկոպարեկը կաշառք է ստացել՝ ոչ միայն ապօրինի ծառահատումները չկանխելու, այլև դրանց հետքերը ծածկելու համար։ Նրա անգործության պատճառով պետությանը էական վնաս է պատճառվել։
Ավագ էկոպարեկը տեղեկացել էր «Արծվաբերդ» անտառտնտեսությունում ապօրինի ծառահատումների մասին, սակայն չի ձեռնարկել անհրաժեշտ ծառայողական միջոցներ և փաստի մասին պաշտոնական հաղորդում չի ներկայացրել։
Բացի այդ, նա ուղղորդել է ծառահատողներին թաքցնել ապօրինի գործունեության հետքերը։
Էկոպարեկը նաև երկու անձանցից կաշառք է ստացել՝ իրենց ապօրինի ծառահատումները չխոչընդոտելու համար։
Նրա նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ կաշառք տված երկու անձանց նկատմամբ՝ տնային կալանք։ Վարույթը նախաքննությամբ ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։