
Արզականում հրդեհը մարվել է միայն 4 օր անց
Կոտայքի մարզի Արզական գյուղի հարակից սարում բռնկված հրդեհը մարվել է սեպտեմբերի 3-ին՝ բռնկվելուց շուրջ 4 օր անց։ Չնայած մեծ թվով ուժերի ներգրավմանը՝ հրդեհաշիջման աշխատանքները երկար ժամանակ շարունակվել են, ինչի հետևանքով, ըստ Planet Labs ընկերության արբանյակային պատկերների վրա կատարված չափումների՝ այրվել է ավելի քան 1,4 քկմ կամ 140 հա տարածք:
Հրդեհաշիջմանը մասնակցել են շուրջ 155 փրկարար, ինչպես նաև էկոպարեկային ծառայության և անտառտնտեսության աշխատակիցներ։ Ներգրավվել են նաև գյուղի բնակիչները։ Այնուամենայնիվ՝ հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի բնակելի տներ։
Սակայն փաստը, որ հրդեհը մեկուսացվել է միայն հաջորդ օրը, իսկ ամբողջությամբ մարվել՝ չորրորդ օրը, հարցեր է առաջացնում հրդեհաշիջման համակարգի արդյունավետության վերաբերյալ։ Հայաստանի լեռնային ու անտառապատ տարածքներում հրդեհների դեմ պայքարը շարունակում է մնալ խնդրահարույց՝ թե՛ տեխնիկական ապահովման, թե՛ համակարգված գործողությունների պակասի պատճառով։
Ավելի վաղ «Հետքը» Planet հարթակի միջոցով պարզել էր, որ հրդեհը բռնկվել է Արզականից հյուսիս-արեւելք ու տարածվելուց հետո հասել գյուղի տներից մինչեւ 400 մ հեռու: