ՀայաստանՊատահար

Խոյ համայնքի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում․ ի՞նչ է հայտնի Շահումյանի ծեծկռտուքի մասին

Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում Շահումյան գյուղում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ միջադեպի ժամանակ համայնքի ղեկավարն ու նրա եղբայրը բռնության են ենթարկել ոստիկանության ծառայողին։ Սակայն Լյուդվիգ Յայլոյանը այդ պնդումները հերքում է։ Միջադեպը տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսի 31-ին՝ կեսգիշերն անց։

Նա նշել է, որ վեճը տեղի է ունեցել ոչ ոստիկանության ծառայող անձանց և Շահումյանի որոշ երիտասարդների միջև, որոնց թվում եղել է նաև նրա եղբոր որդին։ Յայլոյանի խոսքով՝ միջադեպը կապված է եղել ներանձնային հարցերի հետ, և երկու կողմն էլ ազգականներ են։

Amnews-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել մեքենան արագ վարելու հարցերի շուրջ առաջացած վիճաբանության արդյունքում։ 4 ձերբակալվածներից մեկը անչափահաս է՝ 16 տարեկան։ Բոլոր ձերբակալվածները Յայլոյանի հարազատներն են։

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է հինգ անձ, սակայն համայնքի ղեկավարը նրանց թվում չէ։

Ինչպես արդեն հայտնի է՝ Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն և նոյեմբերի 16-ին կանցկացվի համայնքապետի ընտրություններ: