
Նոր մանրամասներ են հայտնի Փարաքարում Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալությունից
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Փարաքարում ոստիկանները ձերբակալել են ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին։ Լրագրողների հետ զրույցում նորությունը հաստատել է ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարը նշել է, որ Մկրտիչ Մկրտչյանի մոտ որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։ Սակայն նրա ձերբակալումը բացատրվում է այն հանգամանքով, որ ուղևորը փախուստի է դիմել իր մեքենայից՝ նետելով իրեր, որոնց թվում եղել են թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ։ Սարգսյանը ընդգծել է, որ այս հանգամանքներում Պարեկային ծառայության գործողությունը՝ ձերբակալումը, լիովին տրամաբանական էր։
Ձերբակալումն իրականացվել է, անձին բերման են ենթարկել բաժին, որտեղ տվյալ անձի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ մյուս անձի որոնողական աշխատանքների մասով իրականացվում են պրոցեսներ, — նշել է Արփինե Սարգսյանը։
Նախարարը նաև նշել է, որ նախաքննությունն այն կպարզի, թե արդյոք Մկրտիչ Մկրտչյանը փոխանցել է պայուսակը մյուս ուղևորին, թե այն իրոք ընկերոջ պայուսակն էր։ Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե նա ազատ է արձակվել, թե ոչ։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հայտնել էին՝ Մկրտիչ Մկրտչյանին գիշերը ձերբակալել են թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Պարեկային ծառայության գումարտակի աշխատակիցները Փարաքար համայնքում՝ Երևանյան փողոցում, ստուգման նպատակով կանգնեցրել են ավտոմեքենա։ Ըստ ոստիկանության պաշտոնական աղբյուրների՝ մեքենայում գտնվող ուղևորը, նկատելով մոտեցող ուժայիններին, դուրս է եկել մեքենայից և փորձեց փախչել՝ ճանապարհին նետելով իր մոտ գտնվող իրերը՝ այդ թվում ատրճանակ և փոշենման զանգված։