
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղում․ 6 մեքենա է այրվել
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Աշտարակի խճուղում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի ահազանգը ստացվել է ժամը 13։48-ին։
Դեպքի վայր են մեկնել փրկարարական երկու մարտական հաշվարկ, սակայն կրակի արագ տարածման պատճառով հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ, և հրդեհաշիջման աշխատանքներին ևս երկու հաշվարկ է ավելացել։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են «Հայֆիլմ»-ի աշխատակիցները։ Ավելի ուշ նրանց միացել են փրկարարները, որոնք կարողացել են մեկուսացնել հրդեհը։
Ըստ նախնական տվյալների՝ մոխրի են վերածվել 6 տրանսպորտային միջոցներ, որոնցից 4-ը՝ ավտոբուս։ Հրդեհը վերջնականապես մարվել է ժամը 15։45-ին։
Այս պահին հրշեջները շարունակում են հերթապահություն իրականացնել տարածքում՝ կրկնակի բռնկումներից խուսափելու համար։