Երևանում կրակոցներ են հնչել․ կա զոհ
Սեպտեմբերի 9-ին՝ Ժամը 10:00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Էրեբունի վարչական շրջանրի Ռոստովյան 17 շենքում։ 1 մարդ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ուշքի չգալով մահացել է։
Դեպքի վայրում՝ շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր։ Պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կրակոցի հետքեր են եղել։
Դրսում հայտնաբերվել է մետաղե սանդուղք, որով քաղաքացիներից մեկը մտել է տուն՝ ճանապարհ բացելով հանցակցի համար։ Նշվում է, որ տանը գտնվող տղամարդը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով տուն մտած քաղաքացին վիրավորվել է։ Սակայն հետաքրքրական է այն փաստը, որ կրակոցներր արձակած անձը տնային կալանքի տակ է եղել և նախկինում էլ հենց սպանության համար է դատապարտված եղել։ Նա վնասազերծվել է պարեկների կողմից։
Իսկ թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել՝ արյունոտ հաշվեհարդար թե թյուրիմացություն, դեռ պարզ չէ։ ՆԳՆ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Այլ տեղեկություններ առայժմ չկան։
