Կրակոցներ Էջմիածնում. դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, կա վիրավոր
Արմավիրի մարզում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, առավոտյան մոտ 07:00-ի սահմաններում կրակոցների դեպք է արձանագրվել։ Դեպքը տեղի է ունեցել Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտ, Երևան–Արմավիր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում։ Դեպքի վայրի տեսագրությունները և տեղեկությունները վկայում են, որ հնչել են մի քանի կրակոցներ, և դրա հետևանքով կա վիրավոր։
Տեղում հայտնաբերվել են տարբեր ատրճանակներից արձակված 2 պարկուճ և արնանման հետքեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանությունն ու քննիչները պարզում են՝ արդյոք վիրավորը դիմել է հիվանդանոց, թե բուժում է ստանում տնային պայմաններում։ Դեպքի վայր ժամանել են Արմավիրի մարզի քրեական ոստիկանության ծառայողները։
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և այս պահին ընթանում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակողների ինքնությունը ճշտելու, օգտագործված հրազենը հայտնաբերելու և վիրավորի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
