Արմավիրում բացահայտվել է տուֆի ապօրինի արդյունահանում
Արմավիրի մարզում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Բաղրամյան համայնքի վարչական տարածքում գործող «Ֆարտո Շին» ՍՊԸ-ն գերազանցել է թույլատրված սահմանները և սկսել է տուֆի ապօրինի դուրսբերում այն հանքավայրի տարածքից դուրս, որտեղ միայն թույլտվություն ուներ աշխատելու։
Չափագրման արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը 2757 քմ մակերես ունեցող տարածքից ապօրինի տեղահանել է շուրջ 4222 խմ տուֆի լեռնային զանգված։ Սա համարվում է լուրջ խախտում և առաջացնում է ոչ միայն բնապահպանական վնաս, այլ նաև իրավական հետևանքներ։
Դեպքի վերաբերյալ վարչական վարույթի շրջանակում կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։ Ընկերության գործողություններում առերևույթ հանցակազմի նշաններ են հայտնաբերվել, և հարցը շարունակելու է քննվել իրավապահների կողմից։
Հիշեցնենք նաև, որ Արմավիրում նման ապօրինի արդյունահանումներ հաճախ են տեղի ունենում։ Վերջին դեպքը տեղի էր ունեցել հունիսի 18-ին։ Այդ ժամանակ ապօրինի կերպով արդյունահանվել էր մոտ 26 խորանարդ մետր տուֆ։
