ՀայաստանՊատահար

Կաշառքի գործով Տեսչական մարմնի պաշտոնյաներն ու ընկերությունների աշխատակիցները դատարանում են

Հայաստանում բացահայտվել են կաշառք ստանալու դեպքեր՝ Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց և առևտրային կազմակերպությունների աշխատակիցների մասնակցությամբ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյաներից մեկը 2024 թվականի հունիսին Երևանում գազամատակարարման աշխատանքների ընթացքում թերի աշխատանքները և ժամկետանց փաստաթղթերը անտեսելու, ինչպես նաև շահագործման թույլտվություններ տալու համար ստացել է 245 հազար դրամ կաշառք։ Մեկ այլ պաշտոնյայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս 200 հազար դրամի մասին։

Նախաքննությամբ բացահայտվել է նաև, որ նույն ընկերության տնօրենից առևտրային կազմակերպությունների աշխատակիցները ստացել են ընդհանուր 300 հազար դրամ կաշառք: Նրանք կեղծել են փաստաթղթեր և ներառել իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ գազաբաշխիչ կայանի շինարարության վերաբերյալ։

Գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել երկու պաշտոնյայի և մի քանի աշխատակցի։ Նրանց նկատմամբ կիրառվել են տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ և պաշտոնավարման կասեցում։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Սեդա Մարտոյան