ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը կալանավորվել է կաշառք ստանալու համար
Քննությամբ պարզվել է, որ ՊԵԿ պաշտոնյան, հարկային ստուգման ընթացքում, բետոնի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռնարկատիրոջից կաշառք է ստացել։ Կաշառքի դիմաց նա չի արձանագրել է այն փաստը, որ արտադրամասում մի քանի աշխատող գործել են առանց աշխատանքային պայմանագրի։
Գլխավոր տեսուչը միայնակ չի գործել։ Նա նախնական համաձայնությամբ՝ ևս երկու հարկային տեսուչների հետ, կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ։ Այդ փաստաթղթում ոչ մի հիշատակում չի եղել առնվազն վեց չգրանցված աշխատողի մասին։ Այս գործողության հետևանքով օրենքով նախատեսված տուգանքները չեն նշանակվել։ Պետությունը զրկվել է մոտ մեկուկես միլիոն դրամի չափով գումարից։
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Մեղադրանք է առաջադրվել նաև այն տնտեսվարողին, որը կաշառք է տվել պաշտոնյաներին։ Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և այն մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է դատախազին։ Հաստատվելու դեպքում գործը կուղարկվի դատարան։
