ՀայաստանՊատահար

Սուրբ Հովհաննես մատուռում կրկին քաղաքացի է ընկել․ նրան օգնել են փրկարարները

Լոռու մարզի Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում քաղաքացիների ընկնելու և վնասվելու դեպքերը անընդհատ կրկնվում են։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նմանատիպ մի քանի դեպք է գրանցվել։ Այսօր՝ սեպտեմբերի 17-ին ժամը 14։00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ 2025 թվականի հունիսի 6-ին, օգոստոսի 10-ին, 16-ին և 26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն կրկին ահազանգ է ստացվել, որ մեկ այլ քաղաքացի նույնպես ընկել է այդ տարածքում։

Նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել նաև 2024 թվականի ապրիլի 18-ին, օգոստոսի 10-ին, 2023 թվականի հունիսի 3-ին, հուլիսի 30-ին: Այս դեպքերում ևս քաղաքացիները ընկել և վնասել են ոտքը, և փրկարարները նրանց օգնության են հասել՝ իջեցնելով սարալանջից և մոտեցնելով շտապօգնության ավտոմեքենային:

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան գագաթին: Այնտեղ հասնել հնարավոր է Հարթագյուղ, Ծաղկաբեր, Մեծ Պարնի գյուղերից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով: Մատուռի տարածքը դժվարանցանելի է, ինչը կարող է նպաստել նմանատիպ պատահարների: Այնտեղ այցելած քաղաքացիներից մեկը Amnews-ին հայտնեց, որ ճանապարհը բավականին դժվարանցանելի է՝ մանավանդ անձրևային եղանակներին։ Ոտքով վեր բարձրանալու համար նախատեսված հատուկ տարածք չկա։ Դեպի վեր ամենագնացներ են բարձրանում։ Սակայն քաղաքացիները նախընտրում են ոտքով բարձրանալ՝ մոտ 1-1․5 ժամում։ Նրանց մոտ հավատք կա, որ նման կերպ իրենց նվիրական երազանքները կիրականանան։

Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են դեպքերը նվազելու փոխարեն ավելանում, և ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկվում խնդիրը լուծելու ու ճանապարհը ավելի անվտանգ դարձնելու համար։