ՀայաստանՊատահար

Երևանում հայտնաբերվել է ավելի քան 2 կգ մարիխուանա և հրազեն

Երևանում ոստիկանությունն ավելի քան 2 կիլոգրամ մարիխուանա և 5 փամփուշտով լիցքավորված ատրճանակ է հայտնաբերել։ Ձերբակալվել է 49-ամյա տղամարդը, որը իր տանը պահում էր թմրամիջոցներն ու հրազենը։

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ օտարերկրացի մի տղամարդ Լվովյան փողոցում բնակվող ծանոթից թմրամիջոց է գնում։ Սեպտեմբերի 9-ին նա ձերբակալվել է, իսկ հետագա միջոցառումներով պարզվել է նաև ծանոթ տղամարդու ինքնությունը։

Սեպտեմբերի 16-ին ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն դատարանի որոշմամբ խուզարկություն են անցկացրել 49-ամյա տղամարդու տանը․ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, նոթբուք, էլեկտրական երկու կշեռք, գրառումների նոթատետր և երեք տոպրակ՝ ավելի քան 2,5 կգ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Տանտերը խոստովանել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։

Սեդա Մարտոյան