Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով վկան պատմել է դեպքի մանրամասները
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի գործով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է վկաների հարցաքննությունը։ Սեպտեմբերի 19-ին իր ցուցմունքներն է ներկայացրել դեպքի վայրում աշխատած փրկարարներից մեկը՝ Հայկ Վարդանյանը։
Երբ հասել եմ դեպքի վայր, տանիքն ու պատը լրիվ փլված էին։ Մենք քանդված հատվածից փորձել ենք ներս մտնել, մյուս խումբն էլ հակառակ կողմից հրդեհն է մարել։ Ներս մտնելուց հետո ձեռքով, բահով հող ենք քանդել մի կողմ, դուրս հանել, որ տուժածներին գտնենք, որովհետև չգիտեինք՝ այնտեղ նկուղ կա, թե ոչ։ Սկզբում ծուխը շատ էր, բայց մոտ 10 րոպե անց այն արդեն վերացել էր։ Տանիքըհող ու խոտ էր, հատակին վառված տեղեր կային։
Նա նաև նկարագրեց, թե ինչպես է հայտնաբերել զոհված ու վիրավոր զինծառայողներին․ նրանցից մեկը եղել է վառարանի մոտ, երեք հոգին՝ մահճակալի տակ փաթաթված, իսկ մեկ զինծառայող կանգնած էր մնացել երկհարկանի մահճակալին հենված՝ ճաղավանդակների մոտ։ Նա հայտարարեց նաև, որ միջանցքի ձախ կողմում վառարանն էր, ու տուժածներից մեկն այդ հատվածում էր։ Վարդանյանը նշեց, որ երեք հոգով են իրականացրել փրկարարական աշխատանքները։
Փրկարարը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե զինվորների կյանքը հնարավոր էր փրկել, թե ոչ։ Նրա խոսքով՝ ինքն արդեն ներսում տուժածներին էր որոնում և զբաղված էր նրանց հայտնաբերմամբ։
Տուժածների շահերի պաշտպան Նորայր Նորիկյանը կարևորեց վկայի այն դիտարկումը, որ զինվորներից մեկին հաջողվել է շարժվել դեպի վառարանը։ Եթե մեկ զինծառայողին հաջողվել է այդ տարածք հասնել, ապա սա հերքում է այն վարկածը, թե դուռը հնարավոր չի եղել բացել և զինծառայողները միայն ճաղավանդակներով են փորձել դուրս գալ,– նշեց Նորիկյանը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ի գիշերը, ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել ՀՀ ՊՆ ինժեներասակրավորային վաշտի կացարանում։ Դեպքի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, ևս 7-ը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։ Դատական գործընթացը շարունակվում է։
