Ոստիկանությունում խոշոր հափշտակություն. պաշտոնյան մեղադրվում է ավտոբենզինի կտրոններ յուրացնելու համար
Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել ոստիկանության մի քանի ծառայողների նկատմամբ։ Պարզվել է, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը կեղծել է մեքենաների երթևեկության տվյալները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 43 հազար կիլոմետր ավել շարժման վերաբերյալ, և յուրացրել շուրջ 4247 լիտր ավտոբենզին։
Ընդհանուր առմամբ այս պաշտոնյան յուրացրել է 2 միլիոն 236 հազար դրամի համարժեք ավտոբենզին։ Բացի այդ, 2022-ից 2024 թվականներին նա ծառայողական ավտոբենզինի կտրոններ է փոխանցել կամ վաճառել մյուս ոստիկանների միջոցով։ Նախաքննությամբ պարզվել է, որ մեկ այլ ոստիկան ստորագրել է կեղծ ուղեգրեր և դրա արդյունքում ևս 275 լիտր ավտոբենզին է յուրացվել։ Նախաքննության ընթացքում պատճառված վնասի ամբողջ գումարը վերականգնվել է, ավելի քան 2 միլիոն դրամը։
Քրեական գործն ավարտվել է, և նյութերը ուղարկվել են դատարան։ Մեղադրյալների նկատմամբ կիրառվել է պաշտոնավարման կասեցում և բացակայելու արգելք։
