ՀայաստանՊատահար

Փարաքարի համայնքապետի սպանությունը կարող է կապված լինել նախորդ հաշվեհարդարի հետ

Անցած գիշեր Փարաքար համայնքում իր տան բակում սպանվել է համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նա 42 տարեկան էր, ուներ չորս երեխա։ Տեղի բնակիչները պատմում են, որ համայնքապետին սպանել են Մերձավան համայնքում գտնվող իր նորակառույց տան հետնամասում։ Թեպետ Վալոդյան այնտեղ չէր ապրում։ Տան տարածքը հեռու է համայնքի մյուս տներից, ու հենց այդ պատճառով էլ հարևանները կրակոցների ձայները չեն լսել։

Սպանության հետևանքով զոհվել է նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը՝ Այգեկ գյուղից։ Վիրավորվել է Մերձավանի բնակիչ, գործարար Արծրուն Գալստյանը, որը քաղաքականության հետ կապ չի ունեցել։

Մարդիկ, ովքեր ճանաչել են Վալոդյա Գրիգորյանին, պատմում են, որ նա երբեք անձնական թշնամիներ չի ունեցել։ Նրանք վստահ են, որ այս դեպքը պատահականություն չէ և կարող է քաղաքական կամ այլ խորքային դրդապատճառներ ունենալ։

Քննչական կոմիտեն դեռևս պաշտոնական մանրամասներ չի հայտնել։ Նրանց ներկայացուցչի խոսքով՝ վարույթ է նախաձեռնվել, բայց որևէ կասկածյալ այս պահին չկա։ Միևնույն ժամանակ մամուլում շրջանառվող տեղեկությունները փաստում են, որ սպանությունը կարող է լինել նախորդ ամիսների թեժ բախումների շարունակությունը։ Հիշեցնենք՝ փետրվարին Մերձավան համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակման հետևանքով սպանվել էր նրա զարմիկը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Այդ հարձակման հետ կապ ունեցել է նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։