ՀայաստանՊատահար

ՀԷՑ-ում բացահայտվել են խախտումներ. նախաձեռնվել են քրեական վարույթներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տարբեր մասնաճյուղերում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց հետևանքով արդեն նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ընկերության «Գեղամա» մասնաճյուղի «Սևան» էլցանցում արձանագրվել է շուրջ 22․850 կՎտ․ժ հավելագրում։ Նմանատիպ խախտումներ հայտնաբերվել են նաև «Մարտունի», «Արարատ», «Մասիս», «Արտաշատ», «Գյումրի», «Արթիկ» և «Անի» էլցանցերում, որտեղ ընդհանուր արձանագրվել է ավելի քան 84․000 կՎտ․ժ հավելագրում և 11․000 կՎտ․ժ թերգրանցում։

Բացի այդ, «Մասիս» էլցանցում արձանագրվել է նաև դեպք, երբ ընկերության աշխատակիցները օրենքով նախատեսված կարգով չեն դադարեցրել մեկ այլ տնտեսվարողի էլեկտրամատակարարումը, ինչի հետևանքով առաջացել է ավելի քան 15 մլն դրամի պարտք։ Նույն մասնաճյուղում հայտնաբերվել են նաև սխալ հաշվառում և հավելագրումներ, որոնք կազմել են մոտ 8 հազար կՎտ․ժ։

«Դեբեդ» մասնաճյուղում արձանագրվել են հաշվիչների այրման և վնասման դեպքեր, որոնք հանգեցրել են ինչպես թերգրանցումների, այնպես էլ ավելի քան 19 հազար կՎտ․ժ հավելագրումների։ Մասնաճյուղի տրանսպորտային միջոցների ոչ նպատակային օգտագործման հետևանքով առաջացել է շուրջ 13,5 մլն դրամի պարտք։

Նմանատիպ խնդիրներ հայտնաբերվել են նաև «Գեղամա» մասնաճյուղում, որտեղ պարզվել է, որ ընկերությանը պատկանող հորատող մեքենաները ծառայեցվել են կապալառու կազմակերպությունների կարիքների համար՝ առաջացնելով ավելի քան 10 մլն դրամի ծախս։

«Աղստև» մասնաճյուղում էլ արձանագրվել են դեպքեր, երբ ընկերության աշխատակիցները ՀԷՑ-ում սահմանված աշխատանքային ժամի ընթացքում աշխատանքներ են կատարել կապալառու կազմակերպությունների համար, սակայն վարձատրվել են ՀԷՑ-ի կողմից։

Բոլոր խախտումների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն։

Սեդա Մարտոյան