
Արմավիրի ոստիկանությունում հերթական պաշտոնանկությունն է տեղի ունեցել
Արմավիրի մարզում վերջին օրերի աղմկահարույց սպանության գործի ֆոնին կադրային փոփոխությունները շարունակվում են։ Հայաստանի ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Բդոյանը ազատվել է պաշտոնից։
Սա արդեն երկրորդ պաշտոնանկությունն է այսօրվա ընթացքում․ ավելի վաղ պաշտոնից հեռացվել էր ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավան գյուղում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով զոհվել էին երկու մարդ։ Նրանցից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն էր, մյուսը՝ նրա ընկերը, քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։
Թեպետ պաշտոնական աղբյուրները խուսափում են կադրային փոփոխությունները անմիջականորեն կապել սպանության հետ, սակայն փաստացի վերջին օրերին Արմավիրի մարզում ուժային կառույցներում պաշտոնանկությունները շարունակվում են։ Արյունալի սպանությունից արդեն մի քանի օր է անցել, սակայն դեռևս մեղադրյալներ չկան։