ԱրցախՀայաստանՊատահար

Սանկտ Պետերբուրգում մահացած Բորիս Ավագյանի մարմինը դատաբժշկական փորձաքննության կուղարկվի

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած գտնված ՀՀ քաղաքացի, ՌԴ պետական ապարատի նախկին աշխատակից Բորիս Ավագյանի մարմինը կուղարկվի դատաբժշկական փորձաքննության՝ մահվան պատճառները պարզելու համար: Այն հավանաբար կիրականացվի Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։

Չնայած տարածված տեղեկություններին, թե Ավագյանը ինքնասպան է եղել, այնուամենայնիվ նրա պաշտպան Կոստանտին Տարասենկոն բացառել էր ինքնասպանության վարկածը։

Դրան հակառակ՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը էլ բացառել է սպանության վարկածը:

Մահվանից մեկ օր առաջ Ավագյանը փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից, ուր նրան բերել էին խափանման միջոց ընտրելու համար: Դատախազությունը միջնորդել էր նրան կալանավորել ավելի քան 4,2 մլրդ ռուբլու մաքսատուրքերի չվճարելու համար։

Նախնական տվյալներով՝ քրեական գործը ժամանակավորապես կասեցվել էր, քանի որ Ավագյանը պետք է մասնակցեր հատուկ ռազմական գործողությանը, սակայն նա այդպես էլ չի մեկնել մարտի դաշտ, ուստի դատարանը միջնորդություն է ներկայացրել գործի վերսկսման մասին:

Մահից առաջ հրապարակված տեսանյութում Ավագյանը հայտնել է, որ կամավոր ցանկանում է արտահանձնվել Հայաստանին, սակայն հյուպատոսարանը, ըստ նրա, գործընթացին ընթացք չի տվել: Ի դեպ, Ավագյանը հետախուզվում է Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։

Ավագյանը նախկինում զբաղեցրել է «Ռոսռեեստր»-ի Սանկտ Պետերբուրգի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ նա Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչն է եղել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով