
Փարաքարի համայնքապետի սպանության գործով կասկածյալ է հայտնաբերվել
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, համացանցում համառորեն տեղեկություններ են տարածվել, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կասկածյալ է հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների՝ նա նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Կասկածյալին իրավապահները գտել են հենց իր տանը։
Կինոլոգների օգնությամբ հայտնաբերվել են կիսատ այրված հագուստի հետքեր, որոնք էլ բերել են կասկածյալի տուն։ Ենթադրվում է, որ հանցագործությունից հետո նա փորձել է այրել հագուստը և կորցնել հետքերը։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Մերձավանում սպանվել էր Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Գրիգոր Օհանյանը։ Այդ գործի շրջանակում կալանավորվել էր Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը, որը ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: