
Մերձավանի սպանության գործով կա ձերբակալված անձ
Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով կա ձերբակալված անձ։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և շարունակությունն է փետրվարին Մերձավանում արձանագրված միջադեպի։
Քաղաքական որևէ տարր տեղի ունեցածի մեջ չկա։ Ընդհանուր դեպքը միջանձնային հարաբերությունների հետևանք է,- ընդգծել է Վարդանյանը։
Լրագրողների հարցին՝ ով է ձերբակալված անձը և ինչ գործողություններ են իրականացվում, ոստիկանության պաշտոնյան պատասխանել է, որ առաջիկայում կարվեն պաշտոնական հայտարարություններ։
Ավելի վաղ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, թե սպանության մեջ կասկածվում է Նարեկ Օհանյանը՝ փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը և Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին։ Իրավապահները, ըստ հրապարակումների, խուզարկել են նրա տունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում դիմակավորված, զինված անձը կրակահերթ էր բացել Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան մոտ կանգնած երեք անձանց ուղղությամբ։ Դեպքի հետևանքով մահացել էին Գրիգորյանը և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։ Վիրավորվել էր նաև Արծրուն Գալստյանը։
Քննչական գործողությունները շարունակվում են։