
Մեկ շաբաթում արդեն 3-րդ սպանությունը Հայաստանում
Սեպտեմբերի 28-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում հերթական սպանությունն է տեղի ունեցել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նույն օրը Կապանի բժշկական կենտրոն են տեղափոխվել կտրած-ծակած վերքերով երկու անձինք։ Նրանցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է։
Նախնական տվյալներով՝ Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանությունը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ վեճի ժամանակ Վարդենիսի 22-ամյա բնակիչը դանակի հարվածներ է հասցրել երկու անձանց։
Երիտասարդը ներկայացել է Վարդենիսի համայնքային բաժին և խոստովանել կատարածը։ Նա ձերբակալվել է, իսկ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են միջոցառումներ։
Հիշեցնենք, որ սա մեկ շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ սպանությունն է Հայաստանում։ Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Արմավիրի Մերձավան համայնքում դիմակավորված անձը կրակահերթ է արձակել, ինչի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։
Սեպտեմբերի 27-ին Արմավիրի Արաքս գյուղում իր շանը հայհոյելու հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ 33-ամյա տղամարդը դանակահարել և կրակոցներ է արձակել համագյուղացիների ուղղությամբ։ Տուժած Մասիս Ասատրյանը մահացել է հիվանդանոցում։