
Շաքիի ջրվեժում գունավոր «գենդեր փարթիի» կազմակերպիչը հայտնաբերվեց
Սյունիքի Շաքիի ջրվեժի տարածքում իրականացված «գենդեր փարթիի» տեսանյութը լայն քննարկումներ առաջացրեց համացանցում՝ մեծ հանրության ուշադրությունը գրավելով ջրվեժի պահպանության նկատմամբ։ Միջոցառման ժամանակ զույգը ջրին խառնել էր վարդագույն գունանյութ՝ նշելու իրենց երեխայի սեռը։
Պարզվել է, որ միջոցառումն իրականացրել է Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն։ Շրջակա միջավայրի նախարարությունից Amnews-ին հայտնեցին, որ տեսանյութի տարածումից հետո բազմաթիվ քաղաքացիներ ահազանգեր են ուղարկել նախարարություն՝ նշելով, որ նման գործողությունները կարող են վնասել Շաքիի ջրվեժի բնական էկոհամակարգին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը հայտարարում է, որ Շաքիի ջրվեժի տարածքում «գենդեր փարթի» կազմակերպելու համար վարչական վարույթ է նախաձեռնվել։ Այս հոդվածով նախատեսվում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ հարյուրհիսնապատիկի չափով:
Բնապահպանները հիշեցնում են, որ Շաքիի ջրվեժը հանդիսանում է ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության տակ։ Գունանյութի կիրառումը, նույնիսկ կարճատև, կարող է փոխել ջրի քիմիական բաղադրությունը, վնասել ջրի բուսականությունն ու կենդանական աշխարհը։
Ա.Օ.-ն արդեն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար, իսկ ջրից վերցված նմուշները լաբորատոր հետազոտության են ուղարկվել՝ հնարավոր վնասի չափը գնահատելու նպատակով։