ՀայաստանՊատահար

Փարաքարում վնասել են համայնքի ղեկավարի սպանության մեջ մեղադրվողի եղբոր գերեզմանաքարը․ 5 մարդ ձերբակալվել է

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում կրքերը դեռ չեն հանդարտվել։ Այս անգամ մի խումբ քաղաքացիներ վնասել են համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանաքարը։ Այդ ամենից հետո վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել համայնքապետի համախոհների և Հովհաննիսյանի համախոհների միջև։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ հարուցվել են երկու քրեական գործեր՝ մեկը՝ գերեզմանաքարի վնասման (գերեզմանը անարգանքի ենթարկելու), մյուսը՝ խուլիգանության փաստով։ Այս գործերի շրջանակում ձերբակալվել է հինգ մարդ։

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Մերձավանում սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Այդ սպանության գործով կասկածյալ էր Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի ազգականն է։ Ավելի ուշ ձերբակալվել էր նաև Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել էր, որ հենց ինքն է կատարել սպանությունը։

Դրանից առաջ՝ փետրվարի 4-ի գիշերը կրակոցներ են հնչել Մերձավանի վարչական ղեկավարի տան դիմաց: Ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով զոհվել էր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Գրիգոր Օհանյանը։ Ծեծռտուքի մասնակիցների թվում է եղել նաև Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը։