Ճամբարակում բռնկված հրդեհը հասել է Տավուշի սահմանամերձ գոտիներ
Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակ-Թթուջուր հատվածի սարալանջին բռնկված հրդեհը այս պահին գտնվում է վերահսկողության տակ։ Հիշեցնենք, որ նախնական գնահատմամբ հրդեհով այս պահին այրվում է շուրջ 70–80 հեկտար տարածք։ Այս մասին Amnews-ին հայտնում են Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 243 փրկարարական ծառայող, 6 հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Տեղեկությունը հրդեհի մասին ստացվել է նախօրեին, աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր և դեռ շարունակվում են։ Նախնական տվյալներով՝ երեք օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի անտառային և բնակելի գոտիներ։
Մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ հրդեհը արդեն հասել է Տավուշի սահմանամերձ գոտիներ։ Ըստ ականատեսների` հրդեհն սկսվել է օրեր առաջ և հիմա դարձել անկառավարելի։
