Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրան Օվանեսովի մահվան պատճառը պարզվել է
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում սպանված 3-ամյա Տիգրան Օվանեսովի մահվան պատճառը մեխանիկական շնչահեղձությունն է։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ աղմկահարույց գործով նախաքննությունն ավարտվել է։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ երեխայի մահը վրա է հասել պարանոցի օրգաններին բութ առարկաներով սեղմման հետևանքով։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Տիգրան Օվանեսովը սպանվել է հոր կողմից՝ վրեժի շարժառիթով։
ՔԿ–ի հաղորդմամբ՝ կատարվել է դիակի արտաքին զննություն, որի ընթացքում երեխայի մարմնի և գլխի շրջանում հայտնաբերվել են տարբեր մարմնական վնասվածքներ։
Հիշեցնենք, որ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին՝ Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա գտնվող դաշտամիջյան հատվածում։ Նախնական տվյալներով՝ 3-ամյա երեխային խեղդամահ էր արել նրա հայրը՝ Արմեն Օվանեսովը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության հոդվածով, և դատարանի որոշմամբ նա կալանավորվել է երկու ամիս ժամկետով։
Նոյեմբերի 4-ին էլ հաղորդվեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ հրավիրվել է խնամակալության և հոգաբարձության մարմնի հրատապ նիստ, որի արդյունքում Օվանեսովների ընտանիքի մյուս երեխաները անհապաղ տեղափոխվել են Հայաստանի օգնության ֆոնդ (ՀՕՖ)։
