«Ֆեյսբուք»-ում կեղծ էջերով խարդախության և փողերի լվացման դեպք է բացահայտվել
Հայաստանում բացահայտվել է «Ֆեյսբուք»-ում կեղծ անհատական էջերի միջոցով իրականացված խարդախության և փողերի լվացման դեպք։
Քննության ընթացքում պարզվել է, որ 2021 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի մարտը երկու անձ՝ Վ․ Ս․-ն և Դ․ Գ․-ն, ստեղծել են կեղծ էջեր Facebook-ում՝ հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով։ Այդ էջերով նրանք կապ են հաստատել տվյալ անձանց ընկերների և հարազատների հետ՝ ներկայանալով որպես իրենց ծանոթներ և տարբեր պատրվակներով գումարներ պահանջել։
Սխեմայի արդյունքում տուժածներից հափշտակվել է ընդհանուր 686 հազար 320 դրամ, որը փոխանցվել է նախապես պատրաստված էլեկտրոնային դրամապանակներին և բանկային քարտերին։ Քննությամբ պարզվել է նաև, որ նույն անձինք 2021-2023 թվականներին կատարել են ավելի քան 10 միլիոն 542 հազար դրամի փողերի լվացում՝ փորձելով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գումարների աղբյուրը և դրանց օրինական տեսք հաղորդել։
Վ․ Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խարդախության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Քրեական վարույթի շրջանակում քննությունը շարունակվում է՝ պարզելու հնարավոր այլ դրվագներ և տուժածների շրջանակը։
