Շինարարական ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ․ գործը դատարանում է
Լոռու մարզում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության կողմից ապօրինի ծառահատման փաստով հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ պետությանն ու համայնքին պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է։
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, քննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2024 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարբեր հատվածներում շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացրել է պետական սեփականություն հանդիսացող 208 ծառ՝ դրանք կոտրելու և արմատախիլ անելու եղանակով։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն ժամանակահատվածում Գյուլագարակ բնակավայրի վարչական տարածքում նույն եղանակով ոչնչացվել է համայնքային սեփականություն հանդիսացող ևս 119 ծառ։ Ընդհանուր առմամբ ոչնչացվել է 327 ծառ։
Կատարված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 4 միլիոն 479 հազար դրամի գույքային վնաս։ Դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը և Գյուլագարակ համայնքին պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
