Հրդեհ է բռնկվել Երևանի Շերամի փողոցում՝ «Silk Soft» արտադրամասում
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի 90/6 հասցեում հունվարի 29-ին արտակարգ դեպք է գրանցվել։ Հրդեհ է բռնկվել «Silk Soft» անձեռոցիկների արտադրամասում։ Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից, և հրշեջ-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Հրշեջների ժամանումից առաջ կրակի տարածման դեմ պայքարել են արտադրամասի աշխատակիցները։
Հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է ժամը 14։15-ին։ Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության 6 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հերթապահ խմբեր՝ օպերատիվ, հրդեհաշիջման ու հոգեբանական աջակցման ծառայություններից։
Հրդեհի բարդությունից ելնելով՝ դեպքի վայր է ուղարկվել ևս 9 մարտական հաշվարկ՝ «Թիվ 3» կանչով։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Այժմ պարզվում են հրդեհի պատճառները։
