Ոստիկանի լիազորությունները կասեցել են․ ՆԳՆ արձագանքել է սկանդալային տեսանյութին
Երևանում քաղաքացուն բռնության ենթարկելու և հայհոյելու դեպքով ոստիկանության ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։ Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։
Սարգսյանը նաև հայտնել է, որ դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացվել առերևույթ հանցագործության հատկանիշներով։
Ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը սոցիալական ցանցերում հրապարակել էր տեսանյութ, որտեղ, նրա պնդմամբ, ոստիկանության ծառայողը հարվածում, հայհոյում և նվաստացնում է քաղաքացուն։ Լրագրողի տեղեկություններով՝ բռնության ենթարկված անձը ենթադրյալ հանցագործի հարազատ է, և նրա նկատմամբ ճնշում է գործադրվել, որպեսզի կասկածյալը ներկայանա։
Սյուզի Բադոյանը հայտնել էր նաև տեսանյութում երևացող ծառայողի ինքնությունը՝ նշելով, որ նա քրեական ոստիկանության օպերլիազոր Հայկ Հակոբյանն է։

