Լոռիում կեղծ ահազանգ են կատարել և անձնակազմի մեկնելուց հետո հափշտակել վճարային տերմինալը

Լոռու մարզում գրանցված երկու բուժկենտրոնների վճարային տերմինալների հափշտակության դեպքերի նախաքննությունը ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի մայիսի 19-ին Գ.Մ.-ն և Մ.Ա.-ն կեղծ ահազանգ են տվել բժշկական կենտրոն, և շտապօգնության ժամանելուց հետո մուտք են գործել ընդունարան՝ տերմինալը հափշտակելու նպատակով։ Նրանք այն տեղափոխել են բժշկական կենտրոնի տարածքից դուրս, կոտրել տեխնիկական միջոցներով և հափշտակել շուրջ 1․5 միլիոն դրամ, որից հետո գումարը բաժանել են միմյանց միջև։

Մի քանի շաբաթ անց՝ հունիսի 21-ին, նույն անձինք մեկ այլ բժշկական կենտրոն են մտել բաց պատուհանից, վերցրել տերմինալը, վնասել այն և հափշտակել շուրջ 500 հազար դրամ, ապա հեռացել։

Գ.Մ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ զենքի գործադրմամբ ավազակության մեղադրանքով։ Նա հետագայում հայտնաբերվել և ներկայացվել է քննչական մարմնին։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նաև ավազակության, կողոպուտի, գողության, զենքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Գ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։