Պայթյուն և հրդեհ՝ բենզալցակայանում Թալինում
Փետրվարի 16-ին պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Երևանյան փողոցում գործող բենզալցակայաններից մեկում։ Ներքին գործերի նախարարությունից Amnews-ին հայտնեցին, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է կեսօրից հետո՝ ժամը 15։26-ի սահմաններում։
Ըստ ՀՀ Ներքին գործերի նախարարություն փրկարար ծառայության տվյալների՝ օպերատիվ կառավարման կենտրոնից դեպքի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատների հինգ մարտական հաշվարկ։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է պայթյունից հետո․ այրվել են բենզալցակայանի պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։
Դեպքի վայրում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Տարածքը սահմանազատվել է, աշխատում են նաև ոստիկանության և պարեկային ծառայության ուժերը։
Նախնական տվյալներով՝ զոհերի և տուժածների մասին տեղեկություն չկա։ Պայթյունի պատճառները ճշտվում են։

