Աբելյան փողոցի կրակոցների գործով 12 մեղադրյալ կա

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործով 12 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Տեղեկությունը տարածել է ՀՀ քննչական կոմիտեն։

Քննչական մարմնի հաղորդմամբ՝ իրականացված լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ և անհատականացվել միջադեպին մասնակցած անձանց հիմնական շրջանակը։

Նախաքննությամբ պարզվել է, որ հրազենի գործադրմամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով կատարվել է մեկ անձի սպանություն, ինչպես նաև նույն եղանակով փորձ է արվել սպանել ևս յոթ անձի։ Սպանության և սպանության փորձի մեջ կասկածվող անձի ինքնությունը պարզվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության, սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Վերջինիս ձերբակալելու որոշում է ընդունվել։

Բացի այդ, զինված միջադեպի մասնակից ևս 11 անձի նկատմամբ նույնպես հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Ավելի վաղ իրավապահները միաժամանակյա խուզարկություններ էին իրականացրել Երևանի ավելի քան 40 հասցեներում։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող առարկաներ և իրեղեն ապացույցներ։

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Աբելյան փողոցում։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին ատրճանակից և ինքնաձիգից արձակված կրակոցի պարկուճներ, դանակ, ինչպես նաև արյան հետքեր։ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված յոթ վիրավորներից մեկը մահացել է վիրահատության ընթացքում, իսկ մյուս վեցը վիրահատվել են։ Բժիշկների գնահատմամբ՝ նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։