41-ամյա տղամարդը ձերբակալվել է սպանության նախապատրաստության կասկածանքով. առգրավվել է ապօրինի զենք և զինամթերք
Արտաշատի 41-ամյա բնակիչը ձերբակալվել է սպանության նախապատրաստության կասկածանքով։ Այս մասին հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարությունից։
Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 27-ին ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ 41-ամյա տղամարդը Տոյոտա մակնիշի ավտոմեքենայով գտնվում է Արարատի մարզի Դվին գյուղում, իր մոտ ունի ապօրինի ինքնաձիգ և մի խումբ անձանց հետ նախապատրաստվում է սպանություն։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Դվին գյուղի դաշտամիջյան հատվածում գտնվող շինությունում հայտնաբերվել և զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են 54-ամյա, 41-ամյա, 34-ամյա և 37-ամյա տղամարդիկ։
Տոյոտա ավտոմեքենայի զննությամբ սրահի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է ինքնաձիգ։
Տղամարդիկ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։

