Իրանում զոհերի թիվը հասել է առնվազն 555-ի
ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում առնվազն 555 մարդ է զոհվել։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Իրանի Կարմիր մահիկը։
Հաղորդագրության համաձայն՝ զոհվածների մեկ երրորդը դպրոցականներ և ուսուցիչներ են, որոնք զոհվել են դպրոցին հասցված հարվածի հետևանքով։ Նշվում է, որ մինչ այս պահը հարձակման է ենթարկվել 131 քաղաքային շրջան։ Ավելի քան 100 հազար փրկարար բերվել է մարտական պատրաստության, գործարկվել է 4030 թեժ գիծը։ Մոտ 4 միլիոն կամավոր գտնվում է պատրաստության վիճակում՝ մարդասիրական, սոցիալական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։
IRNA գործակալության փոխանցմամբ՝ կրթության նախարարության տվյալներով Իրանի բոլոր մակարդակների դպրոցներում դասերը մինչև ուսումնական տարվա ավարտը կազմակերպվելու են հեռավար ձևաչափով։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածների նպատակը Թեհրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերումը կանխելն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի նավատորմը և պաշտպանական արդյունաբերությունը ոչնչացնելու մտադրության մասին և կոչ արել երկրի քաղաքացիներին տապալել գործող իշխանություններին։
Մարտի 1-ի գիշերը իրանական հեռուստատեսությունը հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցի վրա հարվածի հետևանքով, ըստ հրապարակված տվյալների, զոհվել է 170 մարդ, որոնց մեծ մասը աշակերտներ են։
Ի պատասխան՝ Թեհրանը հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։

