ՀԷՑ մասնաճյուղի էլեկտրական ցանցի պետը և մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

ՀԷՑ մասնաճյուղերից մեկի էլեկտրական ցանցի պետը և նույն մասնաճյուղի մի շարք այլ պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ կոմիտեի՝ 2006–2025 թվականներին էլեկտրական ցանցի պետը, գործելով խմբի կազմում և օգտագործելով իր լիազորություններով պայմանավորված ազդեցությունը, ընկերությանը պատճառել է շուրջ 1,3 միլիոն դրամի վնաս, ինչպես նաև ապօրինի անգործության համար ստացել կաշառք։

Քննությամբ պարզվել է, որ 2024 թվականին նա նույն մասնաճյուղի աշխատակիցների և մի քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ կազմակերպել է վերջինիս պատկանող շինության ապօրինի էլեկտրամատակարարումը։ Մասնավորապես, քաղաքացու կողմից Ռուսաստանից բերված այլապատկան հաշվառման սարքը տեղադրվել է շինությանը մոտ գտնվող հենասյան վրա և ապօրինի միացվել եռաֆազ հոսանքի լարմանը։

Բացի այդ, կաշառքի դիմաց տվյալ քաղաքացու կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծավալը չի մուտքագրվել համակարգչային բազայում։

ՀԷՑ պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) և 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մասնավոր ոլորտում կաշառք ստանալը)։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև նրա տեղակալին, ՀԷՑ ևս երկու պաշտոնյայի և կաշառք տված քաղաքացուն։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան։