ԱԱԾ շենքը հրկիզել փորձող քաղաքացին ձերբակալվել է
Երևանում Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Մարտի 6-ի ուշ երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է մի անձ վառվող տարա նետում Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ։
ՆԳՆ-ից հայտնել էին, որ հանցագործություն կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Քննչական կոմիտեի տեղեկությամբ՝ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով` (264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ), խուլիգանություն (297-րդ հոդվածի 1-ին մաս) և ահաբեկչություն (308-րդ հոդվածի 1-ին մաս)։
Նախաքննությունը շարունակվում է։

