Երևանում մեկ տարեկան երեխայի նկատմամբ բռնությունը եղել է դիտավորյալ

Երևանում մեկ տարեկան երեխայի նկատմամբ բռնության դեպքը եղել է դիտավորյալ, այլ ոչ թե պատահականության արդյունք։ Այդ մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ահազանգը ստացվել է բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր 1 տարեկան 2 ամսական տղա երեխան։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը դիտավորյալ արարքի հետևանք է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեխայի սպանության փորձի կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել։

Երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը գտնվում են խնամակալության ներքո Երևանում բնակվող ընտանիքում, մեկը՝ տատիկի խնամքի տակ է, իսկ տուժած երեխան վերջին շրջանում ապրում էր հոր և խորթ մոր հետ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։