ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել
ԱՄՆ–ում, Լոս Անջելեսի շրջանում, բացահայտվել է հայերից կազմված հանցավոր խմբավորում, որը մեղադրվում է տարեց քաղաքացիների անձնական տվյալների յուրացման և անշարժ գույքի նկատմամբ վարկային խարդախություններ իրականացնելու մեջ։ Այս մասին հաղորդում է Լոս Անջելեսի դաշնային փաստաբանական գրասենյակը։
Մարտի 19-ին խմբավորման 11 անդամներ կալանավորվել են, նրանց նկատմամբ ներկայացվել է դաշնային մեղադրական եզրակացություն՝ 15 դրվագով։ Մեղադրյալները 32–66 տարեկան են։ Նրանցից առնվազն 7-ը հայկական ծագում ունեն։
Հանցավոր գործողությունների ընթացքում նրանք օգտագործել են տարեց քաղաքացիների անձնական տվյալները՝ տների սեփականության վկայականներ յուրացնելու համար, ապա ձևակերպել են վարկեր՝ պնդելով, որ դրանք ապահովված են նշված անշարժ գույքով։ Զոհերի անշարժ գույքը գտնվում է Սանտա Մոնիկայում և Լոս Անջելեսի տարբեր թաղամասերում, այդ թվում՝ Հոլիվուդ, Հոլիվուդ Հիլզ, Վեսթվուդ և Չայնաթաուն։
Մեղադրանքները ընդգրկում են էլեկտրոնային խարդախություն, ֆինանսական փաստաթղթերի կեղծում, փողերի լվացում և այլ հանցագործություններ։ Ըստ դատական փաստաթղթերի՝ գործով ենթադրյալ վնասը մոտ 17,4 միլիոն դոլար է, իսկ փաստացի վնասը՝ մոտ 6 միլիոն դոլար։

