
Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը մեղադրվում է 78 միլիոն դրամի հափշտակման համար
Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Պարզվել է՝ նա տարիներ շարունակ օգտագործել է իր պաշտոնը անձնական շահերի համար։
Ըստ քննության՝ նախկին տնօրենը 2013 թվականին, լինելով պետական պաշտոնյա, միաժամանակ հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր։ Այդ կերպ նա խախտել է օրենքը, քանի որ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։
Դրանից հետո նա կնքել է մի շարք պայմանագրեր մի ընկերության հետ և, ըստ պաշտոնական տվյալների, այդ գործարքների արդյունքում ստացել է ավելի քան 78 միլիոն դրամ՝ դրանք օգտագործելով սեփական կարիքների համար։
Ընկերությունը, ընդհանուր առմամբ, նրան փոխանցել է շուրջ 267 միլիոն դրամ, որից մի մասը հասել է անձամբ նախկին տնօրենի գրպանը։ Վնասի մի մասը՝ մոտ 19 միլիոն դրամ, արդեն վերականգնվել է, իսկ մնացած գումարի չափով արգելանք է դրվել նրա գույքի վրա։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Գործն արդեն ուղարկվել է դատախազություն։
Եթե մեղադրանքները դատարանում հաստատվեն, նախկին տնօրենին կարող է սպառնալ ազատազրկում։