
Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրեր ենթարկվել են ծղրիդների հարձակման
Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչները արձանագրում են, որ իրենց հողատարածքները հայտնվել են ծղրիդների թիրախում։ Վնասատուները տարածվել են հատկապես անտառամերձ և գյուղատնտեսական հողատարածքներում՝ սպառնալով մշակաբույսերին։ Բացի այդ, գյուղացիները նշում են, որ այդ խնդրի պատճառով նվազել է նաև զբոսաշրջիկների հոսքը դեպի այդ տարածքներ։
Նման խնդիրներ առաջացել են նաև Կոտայքի մարզի այլ բնակավայրերում՝ Ծաղկաձորում, Հանքավանում և Բուժականում, ինչպես նաև Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում։ Ընդհանուր առմամբ, վնասատուների դեմ պայքարի նպատակով այդ տարածաշրջաններին հունիսին հատկացվել է ավելի քան 300 լիտր թունաքիմիկատ։ Առաջիկայում նախատեսվում է օդային հատուկ տեխնիկայի, դրոնների միջոցով ընդգրկել շուրջ 260 հեկտար տարածք։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ գյուղին տրամադրվել է 120 լիտր թունաքիմիկատ՝ վնասատուների տարածումը կանխելու նպատակով։
Խնդիրը պահանջում է շարունակական և համակարգված մոտեցում, քանի որ բնական միջավայրում տեղի ունեցող նման երևույթները կարող են լուրջ հետևանքներ ունենալ թե՛ գյուղատնտեսության, թե՛ համայնքների սոցիալ-տնտեսական կայունության վրա։
Նման դեպքեր գրանցվում են գրեթե ամեն տարի։ 2024 թվականին խնդիրը նկատվել էր Գեղարքունիքում, 2023 թվականին՝ Արագածոտնում և Կոտայքի մարզում և այլն։